Կորոնավիրուսային աշխարհափոփոխություն
10.04.2020 | 13:15
Բնական է, որ ռուսաստանյան լրատվամիջոցների քննարկումների գերադաս թեման ևս կորոնավիրուսն է ու նրա առաջացրած բազում հրատապ խնդիրները: Անշուշտ անչափ դժվար է համաճարակը վերահսկել Ռուսաստանի նման հիրավի անծայրածիր երկրում: Տարաբնույթ բազմածավալ մեկնաբանությունների մեջ թերևս միանշանակ է դառնում այն մտայնությունը, որ կորոնավիրուսը, անկախ այն բանից` բնածին է, թե արհեստածին, որ երկրի կողմից է ստեղծվել և այլն, հիմնավորապես վերափոխելու է բուն աշխարհը, պետությունների փոխհարաբերություները, քաղաքական, տնտեսական, բարոյական մթնոլորտը և այլն:
Այս իմաստով հատկապես ռուս նացիոնալիստ քաղաքագետների կողմից առաջնային է դառնում կոնսպիրոլոգիական թե իրատեսական այն վարկածը, որ այս վիրուսի տարածումը հզոր քայլ է այսպես կոչված Համաշխարհային կառավարության լեգիտիմացման ուղղությամբ: Գաղտնիք չէ, որ աշխարհում գործում են քաղաքական-տնտեսական-գաղափարախոսական մի ամբողջ շարք ազդեցիկ գաղտնի թե մասոնական կազմակերպություններ, որոնց գործունեության գլխավոր նպատակը հենց համաշխարհային կառավարող մարմնի ստեղծումն է, ինչպես էլ որ այն անվանվի:
Այս անգամ Հռոմի ակումբի, Եռակողմ հանձնաժողովի, Բիլդերբերգյան ակումբի և նմանատիպ այլ համաշխարհային հանրակցությունների մեջ առանձնացվեց 300-ի կոմիտեն: Վերհիշվեց ամերիկացի հրապարակախոս, բրիտանական հատուկ ծառայության նախկին գործակալ Ջոն Քոլեմանի նշանավոր «300-ի կոմիտե. Համաշխարհային կառավարության գաղտնիքները» աշխատությունը, որտեղ բազմաթիվ փաստերի, իրողությունների, վկայությունների, թվերի հիման վրա հավաստվում է, որ աշխարհում իրոք գոյություն ունեն հզորագույն գաղտնի կազմակերպություններ, որոնց մեջ մտնում են Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի և որոշ այլ պետությունների վերնախավերի ներկայացուցիչները: Եվ այդ «անտեսանելի» միավորումների մեջ Քոլեմանը հատուկ առանձնացնում է հենց 300-ի կոմիտեն, որն ամենայնս հավակնում է Համաշխարհային կառավարության կարգավիճակին, եթե իհարկե արդեն չի դարձել այդպիսին: Նաև հատուկ նշվում է, որ այդ մոլորակային կառավարչի գործունեության գլխավոր նպատակներից մեկը հողագնդի բնակչության քանակի կրճատումն է՝ այն հասցնելով սոսկ մեկ միլիարդի: Ընդ որում, այդ զանգվածը ոչ թե մարդամետ, այլ կենդանամետ կլինի: Կորոնավիրուսները և առհասարակ բակտերիոլոգիական զենքը ընդունակ են հակամարդկային հաղթաքարտ դառնալու Համաշխարհային կառավարության ձեռքին:
Իսկ ինչպիսին է ռուսաց հասարակության վերաբերմունքը նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ հավանական աշխարհափոփոխական (կորոնավիրուսական) ներկա երևույթի ֆոնի վրա: Մի կողմ դնենք պաշտոնական մոտեցումները: Նույն ռուս նացիոնալիստների կարծիքով, Պուտինը անշուշտ թուլամորթ Գորբաչովի և Աստծո անունից Կոնգրեսում Ամերիկային օրհնող ալկոհոլիկ Ելցինի համեմատ զգալի չափով վերականգնելով Ռուսաստանի անկախությունը, այդուհանդերձ շարունակում է մնալ համաշխարհային կառույցների, Արևմուտքի կամակատարը: Այլ կերպ չի էլ կարող լինել, երբ արևմտյան երկրներում է հանգրվանել ռուսական ծագումով մոտ 200 միլիարդ դոլար: Եվ սա ընդամենը մեկ կռվան է:
Ռուս մեկնաբանների ևս մի դիտարկում: Եթե կորոնավիրուսը իսկապես վերաշրջի աշխարհը, ապա դրանից ավելի շատ կտուժեն փոքր պետությունները: Մասնավորապես ինչ կարող է տեղի ունենալ մեր տարածաշրջանում, Հայաստանի հետ, եթե Ամերիկան թե Իսրայելը անմիջական հարված հասցնելով կամ ներքին խռովություններ հրահրելով փորձեն ոչնչացնել «պարսկական հնամյա ու իմաստուն քաղաքակրթությունը»: Կամ, իրավիճակից չե՞ն օգտվի Վրաստանի «մերձավոր» երկու հարևանները, կազմալուծելով վրաց աշխարհը:
Ռուբեն ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Մոսկվա
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ